Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 20-ին ողջույնի խոսքով է հանդես եկել
«Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ
իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ Արդյո՞ք հաղթահարվում է անպատժելիությունը»
թեմայով համաժողովին:
Համաժողովի
նպատակն էր անդրադառնալ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների
կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, առկա իրավիճակին և պետության
ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝
ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու
տեսանկյունից։
«Առկա
խնդիրների մասին խոսել, չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի
են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն:
Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը
պետք է թիրախավորված, պրոֆեսիոնալ և ակտիվ աշխատանք իրականացնի: Կարևոր է ինչպես խոշտանգումների
և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը, այնպես
էլ նշված գործերի պատշաճ և արդյունավետ քննությունը»,- ասել է Պաշտպանը:
Միևնույն
ժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը`
ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։
«Խոշտանգումների
և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի
օրահարց»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:
Ողջույնի
խոսքով են հանդես եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Արթուր Սաքունցը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ
Սվենսոնը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը: Մասնակցել են պետական
մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ:
Համաժողովին
որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման
ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ով անդրադարձել է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի
դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների արդյունավետ քննությանը, այնպես էլ Կանխարգելման
ազգային մեխանիզմի կողմից նախորդ տարվա ընթացքում մշտադիտարկման այցերի արդյունքում ամփոփված 382 առաջարկների կատարման
ընթացքին:
«2024
թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված
է եղել 236 քրեական վարույթ։ Այս պահին քննվում է 307 վարույթ, որից 130-ն այս տարվա
ընթացքում կարճվել է, 2 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2 վարույթ», - ընդգծել
ՄԻՊ ներկայացուցիչը:
Լաուրա
Գասպարյանը նշել է, որ այդ ցուցանիշների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ
շարունակ մտահոգություն է հայտնում:
Համաժողովը
տեղի է ունեցել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ: