Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, տեղի է ունեցել
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով
նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել խորհրդի նախկին կազմը ներկակացնող
երեխաների փորձի փոխանակում նոր անդամների հետ, ներկայացվել են խորհրդի առաքելությունը
և նպատակները, վերջին 2 տարիների փորձը, մարտահրավերները, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների
ներկայացուցիչների հետ երկխոսության ձևաչափով երեխաները քննարկել են իրենց իրավունքներին
առնչվող մի շարք հարցեր։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի նիստին
մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարների տեղակալներ, ԱԺ պատգամավորներ, Մարդու իրավունքների
պաշտպանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Պաշտպանը հատուկ կարևորել է նման ձևաչափով միջոցառման անցկացումը,
երբ երեխաները կարող են պետական պաշտոնյաների հետ համատեղ քննարկել իրենց իրավունքների
պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, մասնակցել որոշումների կայացմանը:
«Ինձ համար մեծ պատիվ է հենց այս օրը ձեզ հետ անցկացնելը: Երեխաների
իրավունքների պաշտպանությունը մեզ համար ունի բացառիկ կարևորություն: Այս տեսանկյունից
հատկապես կարևոր է նրանց մասնակցության իրավունքի ապահովումը: Մեր խորհրդի երեխաներն
ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը, օրենսդրական
նախագծերի ուսումնասիրությանը, անգամ ՄԻՊ տարբեր զեկույցների կազմման աշխատանքներում
նրանք ունեցել են ակտիվ ներգրավվածություն»,- ասել է Պաշտպանը:
Երեխաների մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից Անահիտ
Մանասյանը նշել է հատկապես Ժնև կատարած այցը:
«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն
կատարած մեր այցն ու ձևաչափը։ Այցին ինձ հետ համատեղ մասնակցել են Խորհրդի անդամ երեխաները,
որոնց դերակատարությունն այցին առանցքային էր: Երեխաների իրավունքների պաշտպանության
ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառու եմ ամրապնդելու ու կատարելագործելու
այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր
լուծումներ գտնելու միջոցով»,- ասել Պաշտպանը:
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ
համագործակցության և այս ձևաչափով խորհրդի նիստի կազմակերպմանն աջակցելու համար:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն էլ
նշել է, որ կա մի առանձնահատուկ իրավունք, որը կարևոր է շեշտադրել Երեխաների համաշխարհային
օրվա կապակցությամբ, և այն մասնակցության իրավունքն է։
«Մասնակցությունը կարևոր է թե՛ ընտանիքի, թե՛ դպրոցի, և թե՛
համայնքի համատեքստում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների
պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի աշխատանքը վերջին տարիներին մարմնավորել
է այս գաղափարը, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հպարտ է, որ իր ներդրումն է ունեցել խորհրդի ստեղծման
գործում և պատրաստ է շարունակել աջակցել նոր անդամներին իրենց այս կարևոր գործում՝
զարգացնելու սերունդների միջև փոխըմբռնումը երեխաների համար ավելի լավ ապագա կերտելու
գործում», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Նիստի ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը հասարական խորհրդի
անդամներին հանձնել է հավաստագրեր և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։