Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Համընդհանուր
պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկմանը:
Ողջույնի
խոսքով են հանդես եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՄԱԿ
հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը
և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։
Քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման շրջանակներում ներկայացվել
է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները, կառուցվածքը և հիմնական ուղղությունները։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած
երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման
տեսանկյունից։
«ՄԱԿ-ի
թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ
համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանցքային են` կանխորոշելու այն ուղղությունները,
որոնք պետք են մարդու իրավունքների պաշտպանության համակարգը զարգացնելու համար, քանի
որ դրանք հիմնված են կոնկրետ միջազգային չափանիշների վրա»,- ասել է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանն արձանագրել է, որ ՄԱԿ-ի գործընկերների և Պաշտպանի հաստատության միջև ձևավորվել
է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում բազմաթիվ խնդիրների համար մշակվում
են լուծումներ։
«Հատկապես
կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին
պատշաճ մոտեցումը, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։
Այս տարի մեր հատուկ ուշադրությանն է արժանացել խոշտանգումների կանխարգելման ոլորտը՝
նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրները բազմաթիվ են, հատկապես խոշտանգումների
և վատ վերաբերմունքի այլ ձևերին առչվող գործերի քննության համատեքստում, որոնց անընդհատ
անդրադարձել եմ տարբեր ձևաչափերով»,- ասել է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքացիական հասարակության և իրավասու պետական
մարմինների գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար`
կարևորելով պետության կողմից իրավունքներին առնչվող հարցերով ներկայացվող խնդիրների
պատշաճ հասցեավորումն ու շուտափույթ լուծումների կանխորոշումը։