Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության
դպրոցի 11-րդ հոսքի սաներին:
Պաշտպանը
կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման
տարբերակներ գտնելու տեսանկյունից:
Հարցուպատասխանի
ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ
են, Պաշտպանի հետ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ
իրենց հուզող հարցերը:
Անահիտ
Մանասյանը անդրադարձել է
Մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, որոնցից առաջինը իրավունքի
քաղաքականացումն է, մասնագիտական էթիկայի ցածր մակարդակը:
Որպես
լրջագույն խնդիր առանձնացվել են իրավաբան մասնագետների կողմից մասնագիտական էթիկայի
սկզբունքների ու վարքագծի կանոնների խախտումների հաճախակի դեպքերը։
Անահիտ
Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է համարում
նաև այն, որ մեր հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված է իրավունքների
բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։
«Երբ որևէ
իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում
գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի կողմից հրապարակային եղանակով ներկայացվում
է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է
մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ
Մանասյանը:
Պաշտպանը
նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը
և նշել, որ այն լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու և տեղեկատվություն փոխանակելու
համար:
Ներկայացվել
են նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը,
աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը։
Նշենք,
որ հանդիպմանը մասնակցել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 35 սան, այդ թվում` նախորդ
հոսքերից: