Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի
Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի
աշխարհում» թեմայով։
Ողջունելով
մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը,
աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը,
ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։
«Ինձ համար
շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ
գտնելու համատեքստում։ Ինքս դասավանդելով և ամեն օր շփվելով ուսանողների հետ՝ առաջնային
եմ համարում կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Մարդու
իրավունքների պաշտպանության համատեքստում արդի աշխարհում որպես հիմնական մարտահրավերներից
մեկը Պաշտպանը նշել է իրավունքի քաղաքականացումը։ Որպես լրջագույն խնդիր նշվել են նաև
իրավաբան մասնագետների կողմից մասնագիտական էթիկայի սկզբունքների ու վարքագծի կանոնների
խախտումների հաճախակի դեպքերը։
Անահիտ
Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է համարում
նաև այն, որ մեր հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված է իրավունքների
բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։
«Երբ որևէ
իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում
գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի կողմից հրապարակային եղանակով ներկայացվում
է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է
մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ընդգծել
է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների
անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների
պաշտպանության տեսանկյունից։ Խոսվել է նաև խոսքի ազատության, հավաքների ազատության
իրավունքների, կրթության համակարգում առկա խնդիրների, ոստիկանության կողմից ուժի կիրառման
համաչափության և այլ հարցերի մասին:
Վարպետաց
դասի շրջանակներում ուսանողները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին։
Հանդիպման
ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման
համար՝ ընդգծելով, որ հանձնառու է դրանք դարձնելու շարունակական: