Աշխատանքային
այցով Սյունիքի մարզում եմ: Նոր ինձ
ուղարկեցին, ես էլ ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված` «Ես Հայաստանի
լավագույն իրավաբանն եմ» խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները:
Իսկ այդ
ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Սյունիքի
մարզի մեր երիտասարդների հետ քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ
ստեղծել ու դրանք տարածել, անկախ գտնվելու միջավայրից, պաշտոնից ու այլ հանգամանքներից`
առաջին հերթին ազնիվ մարդ լինել, մշտապես աշխատել սեփական պրոֆեսիոնալիզմի ու անձի
զարգացման վրա, լինել հոգատար, ապրումակցող ու կարեկցող: Զրուցել ենք նաև այն մասին,
թե ինչքան կարևոր է սեփական նվիրված աշխատանքի միջոցով մեր միջավայրում ու մարդկանց
կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելը:
Ուրախալի
փաստն այն է, որ կան այսպես ապրող մարդիկ, այդ թվում` այսօրվա հանդիպման մասնակիցները:
Մեր առաքելությունն այն պետք է լինի, որ այս արժեքները գերակայող դառնան մեր իրականությունում:
Հպարտանում եմ մեր երիտասարդներով:
Հանդիպումը
տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Մարգարյանի մայր Արսինե Սահակյանի
նախաձեռնությամբ: Մասնակցել է շուրջ 60 երիտասարդ՝ Սիսիանի տարբեր գյուղական բնակավայրերից:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյան