Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 11-ին Ազգային ժողովում մասնակցել
է խորհրդարանական լսումների՝ «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի
շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք
հարցերը» թեմայով:
Քննարկումը
նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝
հաշվի առնելով, որ 2025 թվականին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի
է ունենալու Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության
ազգային զեկույցի քննարկումը:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանը անդրադարձել է երեխաների իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների,
որոնք զետեղվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան, արտահերթ հրապարակային
զեկույցների, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեին ներկայացրած այլընտրանքային զեկույցի
շրջանակում: Դրանց շարքում առաջինը Պաշտպանն անդրադարձել է երեխաների նկատմամբ բռնության
դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված խնդիրներին, դրանք միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ
պատշաճ հասցեավորելու և յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու տեսանկյունից։
«Մեր մշտադիտարկման
արդյունքները ցույց են տալիս, որ իրավասու մարմինները շատ հաճախ օժտված չեն համապատասխան
մասնագիտական գիտելիքներով և հմտություններով՝ բացահայտելու, կանխարգելելու և արձագանքելու
երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության տարբեր դեպքերին, չի ապահովվում պատշաճ միջգերատեսչական
համագործակցություն», - արձանագրել է Անահիտ Մանասյանը:
Մարդու
իրավունքների պաշտպանն անդրադարձել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության,
նախադպրոցական կրթության իրավունքի ապահովման, պարտադիր կրթությունից դուրս մնացած
երեխաների բացահայտման և ուղղորդման, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների
ապահովման, ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի և այլընտրանքային խնամքի կազմակերպման
հետ կապված մի շարք խնդիրների։
«Երեխաներն
իրականում շատ հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են: Հետևաբար, կարևոր
կլինի, որ իրավունքների պաշտպանության նպատակով մեր ջանքերը մեկտեղելուց բացի յուրաքանչյուրս
ունենա երեխաների համար օրինակելի վարքագիծ», - նշել է Անահիտ Մանասյանը:
Ամփոփելով՝
Պաշտպանը շեշտել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում խնդիրները
բազմաթիվ են և դրանք հնարավոր է լուծել միայն համատեղ ջանքերով։