Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով
ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և
իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ
հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն
ու անաչառությունը:
Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ
քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի
ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող
անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ:
Դեռևս 2024 թվականի հունիսին Մարդու իրավունքների ազգային
հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն էր տարածել, որով կոչ
էր անում Հայաստանի բոլոր դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային
չափանիշներին, որոնք, ի թիվս այնի, վերաբերում են ՄԻՊ հաստատության անկախության և
գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը:
Եվրոպական ցանցն ընդգծել էր, որ Փարիզյան սկզբունքների հիմնարար
պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա
գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Շեշտադրվել էր նաև,
որ բոլոր դերակատարները պետք է նպաստեն մարդու իրավունքների պաշտպանության ազգային
հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը։
Ավելին, Եվրոպական ցանցի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության
վիճակի վերաբերյալ զեկույցում ընդգծվել էր, որ Հայաստանում Մարդու իրավունքների
պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում։
Հիշեցնենք, որ Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու
իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման
հարցերով ենթահանձնաժողովն օրեր առաջ Հայաստանի Հանրապետության մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A
դասի բարձրագույն կարգավիճակ:
Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին,
որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին,
անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն
արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:
Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի
ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է
բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ