Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
հոկտեմբերի 15-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝
նաև Կրթահամալիր):
Չհայտարարված այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
հետևել են դասապրոցեսին, ունեցել են առանձնազրույցներ Դպրոցի աշխատակազմի հետ, ուսումնասիրել
են Դպրոցի տարածքը, շենքային պայմանները, սանիտարական և կոմունալ հարմարությունները,
երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների
իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը
սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ,
որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Մասնավորապես, արձանագրվել է՝
• Կրթահամալիրի ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր
դիզայնի սկզբունքներին։
• Այցի պահին Կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ
խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան
ուղղված քայլեր իրականացվում են:
• Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով,
ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս
տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների
բացակայությունը։
• Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը գործնականում
չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը:
• Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական
ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ:
• Արձանագրվել է Կրթահամալիրի աշխատակիցների մասնագիտական լիազորությունների
և փաստացի գործունեության անհամապատասխանություն:
• Կրթահամալիրում ներդրված չէ բռնությունների, այդ թվում՝ բուլինգի
դեպքերի բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված հստակ գործիքակազմ:
• Արձանագրվել է, որ հեռավոր բնակավայրերից երեխաները հաճախ
գիշերում են Կրթահամլիրում տրանսպորտի բացակայության պատճառով։
• Առկա է Կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների
իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Կրթահամալիրի
տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների
լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ Կրթահամալիրի կանոնադրության
փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի
կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող
փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Մարդու իրավուքնների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ ընդգծում
է, որ պետությունը «Երեխայի իրավունքների մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ի թիվս այլնի, ստանձնել է պարտավորություն
ճանաչելու յուրաքանչյուր երեխայի կրթությունը առանց խտրականության և հավասար հնարավորության
հիման վրա իրականացնելու իրավունքը՝ համընդհանուր ներառական կրթությունը հռչակելով
որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Պետությունը պարտավոր
է ապահովել, որ ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն այնպես, որպեսզի համապատասխանեն
և հարմարեցվեն յուրաքանչյուր սովորողի պահանջներին և ապահովեն համապատասխան կրթական
արձագանք: