ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական
ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):
Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը,
անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության
տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար
ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը,
դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:
Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։
Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.
• Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական
պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն:
Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները
և զուգարանակոնքերը առանձնացված չէին:
• Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում
էին անունները կամ տարբերակիչ նշանները:
• Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող
անձանց կարիքներին։
• Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի
արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝
մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում:
• Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում
ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման
հետ կապված խնդիրներ։
• Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու
հետ կապված խնդիրներ:
• Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության
իրավունքի ապահովման հետ կապված խնդիր:
• Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը
չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ:
• Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների
գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն
և այլն:
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են
հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված
խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: