Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն»
հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն
ունեցող անձինք:
Նպատակն
էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի
խնդիրներին:
Անահիտ
Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել
տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը,
այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ ծառայություններ ստացող անձանց
առօրյային, զարգացման ծրագրերին։
Պաշտպանը
ծանոթացել է նաև կենտրոնի անձնակազմի աշխատանքային պայմաններին։
Կենտրոնի
սաները Պաշտպանին անակնկալ են մատուցել. նրանք հանդես են եկել պարային ծրագրով: Անահիտ
Մանասյանը շահառուներին հանձնել է հուշանվերներ։
Այցի ընթացքում
արձանագրված խնդիրները կամփոփվեն. Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի
ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։
Մարդու
իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»
ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ,
հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն
ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային
բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։