Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ
մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային
իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա
բարձր մակարդակի միջազգային համաժողովը։
Հոկտեմբերի
21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների
ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ
ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն
Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր մակարդակի միջազգային համաժողովին առցանց ձևաչափով հանդես
է գալու հիմնական ելույթով։ Միջոցառմանը հյուրընկալվել են նաև Մարդու իրավունքների
ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահը, անդամները
և գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ
դաշինքի ներկայացուցիչը:
Հոկտեմբերի
21-ին՝ միջոցառման առաջին օրը, ողջույնի ուղերձ է հղելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով են հանդես գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ
նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընթերցվելու
է նաև ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի բացման խոսքը։
Համաժողովին
մասնակցում են նաև Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դեսպանությունների
և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպական առաջատար մարդու իրավունքների
ինստիտուտների և մարմինների փորձագետներ:
Բարձր
մակարդակի այս համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային
հաստատություն։
Միջոցառումն
ընդգծում է մարդու իրավունքների ազգային և Օմբուդսմանական հաստատությունների կարևոր
դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում,
ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը:
Միջոցառումը
կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի
Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու
իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի
խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից
իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում։