Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի
14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել
մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի
ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայումս
մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության
մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի
շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները
Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր
հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական
և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել
է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ
իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին:
Քննարկվել են նաև բնապահպանական իրավունքների, քաղաքացիների
հանգստի իրավունքի հետ կապված խնդիրները:
Իր հերթին դեսպան Պատրիկ
Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության
դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։