Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ:
Անահիտ
Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ:
Քննարկվել
են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական
հիմնահարցերը։
Անահիտ
Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու
տեսանկյունից:
Անահիտ
Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ:
Հոսպիտալի
տնօրեն Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել տարածքով, ուսումնասիրվել են
զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի
ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ:
Բուժանձնակազմի
հետ քննարկվել են բուժառու զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված
հարցերը: Բուժում ստացող զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները,
բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է անցկացրել նաև հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել
են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների
և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:
«Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը
գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ քաղհասարակությունից
լսել իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,-
ասել է Անահիտ Մանասյանը:
Քննարկման
ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների,
կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանությանը:
Հանդիպման
ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար
և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով: