Հոկտեմբերի 8-9-ը Ծաղկաձորում անցկացվել է լրագրողների համար
վերապատրաստման դասընթաց՝ «Ատելության խոսքի դեմ պայքարի եվրոպական չափանիշներն ու
լավագույն փորձը» թեմայով:
Միջոցառումը մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ողջույնի
խոսքերով:
Պաշտպանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելման թեմայով
լրագրողների համար իրականացվող վերապատրաստման դասընթացը, քանի որ այն ևս մեկ հնարավորություն
է համատեղ քննարկել մի թեմա, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առանցքային
է:
«Խոսքի ազատության հիմնախնդիրը, ատելության խոսքի կանխարգելման
հարցն անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն մեր երկրի, այլև աշխարհի դիտանկյունից: Մի
կողմից բոլորս ունենք խոսքի և լրատվական գործունեության ազատության երաշխավորման պարտավորություն,
մյուս կողմից էլ՝ պարտավորություն այդ իրավունքն իրացնելու այսօրվա աշխարհում գոյություն
ունեցող իրավական չափանիշներին համապատասխան: Ցավոք, ատելության խոսքի կանխարգելման
առումով այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ և խնդիրներ: Հենց դա հաշվի առնելով՝
քննարկման համար ընտրեցինք ատելության խոսքի դեմ պայքարի եվրոպական չափանիշներն ու
լավագույն փորձը թեման: Չափազանց կարևորում եմ այս քննարկմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն
ու ակտիվ ներգրավվումը: Շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին միջոցառումը
կազմակերպելու հարցում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Պաշտպանը:
Դասընթացին մասնակցել է Զանգվածային լրատվության միջոցների շուրջ
20 ներկայացուցիչ: Նրանց ներկայացվել են ԵԽ մարդու իրավունքների մեխանիզմների կողմից
ատելության խոսքին հակազդելուն առնչվող վերջին եվրոպական չափանիշները, ատելության խոսքի
հիմնական հասկացություններն ու սկզբունքներն ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
նախադեպային իրավաբանության, անդրադարձ է կատարվել Հայաստանում ատելության խոսքի կանխարգելմանն
ուղղված օրենսդրությանը:
Բացի այդ, քննարկվել են ԶԼՄ-ների կողմից զգայուն հրապարակումների
և հաղորդակցության ապահովումը տեղահանված անձանց իրավունքների լուսաբանման տփսանկյունից,
իրավական մարտահրավերները և աջակցության մեխանիզմները Հայաստանում տեղահանված անձանց
համար:
Լրագրողներին ներկայացվել է նաև Գենդերային հարցերի զգայուն
լուսաբանման ուղեցույցը:
Դասընթացը կազմակերվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
և ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար
մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» և «Հավասարության խթանումը
և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրերի շրջանակներում։