Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հոկտեմբերի 7-10-ն անցկացվում է վերապատրաստման
դասընթաց՝ «Արդյունավետ հաղորդակցություն և սթրեսի կառավարում անհայտ կորած անձանց
ընտանիքներին աջակցելու նպատակով» թեմայով։
Միջոցառումը
կազմակերպվել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ)
աջակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով։
Փորձագետների
հետ միասին մասնակիցները կուսումնասիրեն անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատանքի
բարդությունները, հոգեբանական ազդեցությունը, Օմբուդսմանի դերը կարիքների լուծման գործում,
հաղորդակցության հմտությունները, սթրեսի կառավարումը և այլն։
Դասընթացի
մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։
Պաշտպանը կարևորել է աշխատակազմի համար իրականացվող վերապատրաստումները, որոնց ընթացքում
համատեղ քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առանցքային
թեմաներ։
«Մեր աշխատանքները
պատշաճ մակարդակով կազմակերպելու առումով աշխատակազմի կարողությունների զարգացումն
ինձ համար առաջնային նշանակություն ունի։ Այս տեսանկյունից իսկապես առանցքային է այսօրվա
ընտրված թեման․ հաղորդակցությունը մեր շահառու տարբեր սուբյեկտների հետ, նաև սթրեսակայունությունը,
որովհետև մենք այնպիսի թեմաների և մարդկանց հետ ենք աշխատում, այնպիսի խնդիրների ենք
առնչվում, որոնք պատշաճ մեթոդաբանությամբ հասցեավորման կարիք ունեն»,- ասել է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԿԽՄԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը
և հույս հայտնել, որ դասընթացի ժամանակ վեր կհանվեն բոլոր այն խնդիրները, որոնք դեռևս
ուսումնասիրության կարիք ունեն։
Բացման
խոսքով է հանդես եկել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման
և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները
կրում են շարունակական բնույթ։