Մեկ տարի
առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ը, ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց
Լեռնային Ղարաբաղից:
Այդ իրադարձությունը
շարունակվող մարդկային տառապանքի վկայություն էր և իրավունքների կոպտագույն խախտումների
հետևանք։
Մարդու
իրավունքների պաշտպանության առումով այն արտակարգ իրավիճակ էր, որը պահանջում էր արագ
արձագանք և նոր մեթոդաբանությամբ աշխատանք՝ նպատակ ունենալով երաշխավորել բռնի տեղահանված
անձանց իրավունքները անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։
2023 թվականի
սեպտեմբերին աշխատակազմի հետ անձամբ եմ եղել Գորիսում, Կոռնիձորում և Վայքում` տեղում
ծանոթանալու բռնի տեղահանված անձանց խնդիրներին և գտնելու դրանց համար շուտափույթ լուծումներ.
աշխատանքներն իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Այնուհետև շարունակել ենք այցերը
բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ, այդ թվում` իրականացրել ենք միջազգային
դերակատարների հետ համատեղ այցեր։
Հարյուրավոր
մարդկանց հետ զրույցների արդյունքում ստացվել են տեղահանմանը նախորդող ժամանակահատվածում
քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման
և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ:
Փաստագրված
տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը,
իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով, իմ կողմից ներկայացվել է մարդու իրավունքների
պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։
Ավելին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը (պաշտոնավարել է
2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը) 2024 թվականի հունվարի
12-ին խնդրի վերաբերյալ հրապարակել է իր դիտարկումները՝ հղում անելով նաև ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների
դեպքերին:
Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության
աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչն ապացուցվում է փոքր թիմի ամենօրյա մեծածավալ
աշխատանքով:
Այս համատեքստում
կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են մարդկանց արժանապատիվ
պայմաններում ապրելու իրավունքի երաշխավորմանը, սոցիալական ու կրթական իրավունքների
լիարժեք պաշտպանությանը, առողջապահական և հոգեբանական ծառայություններից օգտվելու հարցերում
աջակցության տրամադրմանը և մեր մանդատին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Այս տարվա
ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ փորձելով ընդգրկել նրանց աջակցության
համապատասխան ծրագրերում։
Չնայած
տեղահանված անձանց կյանքի որակը բարելավելու և նրանց իրավունքները լիարժեքորեն վերականգնելու
ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ոլորտում անելիքները դեռ
շատ են։
Չափազանց
կարևոր է մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության
և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար գործում
են հստակ կառուցակարգեր։
Այս համատեքստում
անհրաժետ է շարունակել աշխատանքները նաև գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը
պարզելու ու նրանց ընտանիքների իրավունքներն ապահովելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում
է Ադրբեջանում պահվող` ազատությունից զրկված էթնիկ հայերին, բազմիցս եմ արձանագրել,
որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական
չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Էթնիկ հայերի նկատմամբ ատելության
մթնոլորտի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում նրանց հիմնարար իրավունքներն
Ադրբեջանում չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործերի պատշաճ քննությունն արդար դատաքննության
պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։
Կարևոր
է, որպեսզի բոլոր դերակատարներն, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող
միջազգային դերակատարները, ակտիվ ջանքեր գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված
էթնիկ հայերի իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Սիրելի´
հայրենակիցներ,
Վստահ
եմ` պետք է համախմբվենք և աջակցենք միմյանց՝ իրար հանդեպ կարեկցանքի, համերաշխության
և միասնության ոգով:
Անահիտ
Մանասյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան