Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի
է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող
եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝
Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի
ապամոնտաժումը:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական
ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության
հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների
մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին,
ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու
առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ
այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ
կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով
տեղեկացված չեն եղել, ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ:
Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված
խնդիրներ:
Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն
առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի
վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն
ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության
ապահովման տեսանկյունից:
Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների
խախտման:
Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների
(անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում
ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական
վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի
ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան
տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու
պահանջով:
Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել,
նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով
առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու
իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
Տեսանյութը և լուսանկարները Մարդու իրավունքների պաշտպանին են
ուղարկել քաղաքացիները։
https://www.youtube.com/watch?v=SNlvSe4zWCA