Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին ներկա է եղել հատուկ կարիքներ
ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 4-րդ փառատոնին։
«Ֆիզիկական
հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի
հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Տավուշի
մարզի Գոշ բնակավայրում:
Փառատոնին
մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից,
Սիրիայից և Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ
կրթահամալիրներից:
Այս տարի
փառատոնի բոլոր մասնակիցները ստեղծել են Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը,
տեղի է ունեցել նաև երաժշտախմբի երեխաների կողմից պատրաստված «աման-չաման» կավե սպասքի
ցուցահանդեսը:
«Այն ամենը,
ինչ չի փոխանցվում, կորսվում է։ Իսկ դա նշանակում է, որ պետք է կարողանանք ոչ միայն
արժեքներ ձևավորել, այլ նաև դրանք փոխանցել, ոչ միայն սիրել, այլ նաև մեր հոգում եղած
սերը միմյանց փոխանցել: Ուզում եմ արձանագրել, որ «Ճախրուկ»-ը սիրո մասին է, արժեքներ
ձևավորելու ու դրանք փոխանցելու կարևորության մասին է»,- ասել է Անահիտ Մանասյանը:
«Ճախրուկ»
միջազգային 4-րդ փառատոնի գործընկերներն են Մարդու իրավունքների պաշտպանը, Գլխավոր
դատախազությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աշխատանքի
և սոցիալական հարցերով նախարարությունը, ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատունն ու
«Իմ քայլը» հիմնադրամը: