2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին
առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական
ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի
մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների
պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի
հարցերին:
Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և
բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների
հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին,
զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին
վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին:
Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների
հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ»
ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և
այլ հարցերին:
Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք,
18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանը
աջակցել է խորհրդատվության միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող
հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
·
բողոքների
քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ
են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն,
·
արագ արձագանքումների
շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների,
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների
հետ,
·
համակարգային
բնույթ ունեցող հարցերի և Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման
վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ և ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների
մասնակցությամբ:
Արդյունքում՝
· կրկնակի կամ ստուգիչ
բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր,
· զորակոչիկները
կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը,
· ստացել են իրենց
առողջական վիճակին վերաբերելի բժշկական փաստաթղթերը,
· զորակոչիկներին
տրվել են տարկետումներ կամ առողջական վիճակի պատճառով նրանք ազատվել են պարտադիր զինվորական
ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար
և այլն:
Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության
ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց
է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ
ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով
145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն
ու դրական գործերի քանակը:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ հանրային
վստահությունը կարևոր խթան է ինչպես մինչև զինվորական ծառայության անցնելը, այնպես
էլ ծառայության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների գործուն մեխանիզմները
կատարելագործելու տեսանկյունից:
Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության
հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները,
և կարևորում է ՊՆ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Զորակոչային և զորահավաքային
համալրման ծառայության, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Իրավաբանական
վարչության, բժշկական հանձնաժողովների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը,
որի արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ: