Վերաքննիչ վարչական դատարանը (վարչական գործ ՎԴ5/0260/05/23, հասանելի է հետևյալ հղումով՝) հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ Վարչական դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժել և պատճառաբանությունների հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը։
Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը ուշադրություն է հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմամբ ներկայացված հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու գործընթացի, գնահատման արդյունքում յուրաքանչյուր անձի կարիքից բխող հասցեական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման հետ կապված խնդիրներին։
Ըստ այդմ՝ նշվել է․ «2023 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են նաև բողոքներ առ այն, որ նույն առողջական վիճակում գտվող անձը մի դեպքում ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, իսկ մյուս տարի, անգամ ավելի վատ առողջական վիճակում գտնվելով, չի ճանաչվել, կամ վերջինիս նկատմամբ սահմանվել է հաշմանդամության ավելի ցածր խումբ։
Խնդրի վերաբերյալ 2023 թվականի ընթացքում Պաշտպանին են հասցեագրվել բազմաթիվ բողոքներ։ Բողոք ներկայացրած անձինք հայտնել են, որ իրենց համար որոշակի չեն եղել նման որոշումների կայացման հանգամանքները։ Նշվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է վարչարարության իրականացման գործընթացում այնպիսի սկզբունքով առաջնորդվելը, որը կբացառի միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք։
Պաշտպանը կարևորում է և այն, որ ընդունված որոշումը պարունակի բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքները, որոնք իրավասու մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում»։
Այսպիսով, նման մոտեցումն ամրապնդում է Պաշտպանի հաղորդումներում նշված խնդիրների լուծման անհրաժեշտությունը և միտված է քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը։