Պետք է
ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության
անխախտելիությունը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի
22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Հայաստանի
մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների
ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացրել է խմբային պարապմունքներ:
Նպատակն
էր անդրադառնալ մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարախոսությանը, երեխայի իրավունքների
մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, այդ ոլորտում Պաշտպանի գործառույթներին
ու լիազորություններին:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների
հիմքում ընկած գաղափարների հանդուրժողականության, մարդու որպես բարձրագույն արժեքի,
նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Մարդու
իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները
մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։
Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի
արժանապատվության անխախտելիությունը», - ասել է Անահիտ Մանասյանը:
Հարց ու
պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երեխաները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են բուլինգի
դեպքերի արձագանքման մեխանիզմներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի
միջավայրի ապահովմանը, երեխաների լսված լինելու իրավունքին և այլն:
Պաշտպանը
շնորհակալություն է հայտնել երեխաներին հետաքրքիր զրույցի համար և ընդգծել նման հանդիպումների
շարունակականության կարևորությունը: