Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել
երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու
և բուլինգի ենթարկելու համար:
Հարկ է
նկատի ունենալ, որ նման տեսանյութերը հանդիսանում են երեխաների անձնական տվյալների
հանրայնացում, ինչի հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում:
Մարդու
իրավունքների պաշտպանը վերը նշված հանգամանքներն անթույլատրելի է համարում։
ՄԻՊ աշխատակազմի
մշտադիտարկման արդյունքներով, երբեմն, անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների
և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի
է ու ոչ իրավաչափ:
Պաշտպանը
հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից
և տարածումից:
Մարդու
իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ երեխաների
անձնական տվյալների պաշտպանության երաշխավորումը: Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը
պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի»
ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:
Նրանց անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման
ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս`
պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային
և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր
ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության
ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը
բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական
տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ: