Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները`
Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել
են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված
Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին:
Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների
ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության
բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը:
«Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք այլընտրանքային խնամք
ստացող երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության մասին» խորագրով միջոցառման
շրջանակներում երեխաները ներկայացրել են իրենց տեսակետները, մասնակցել են ոլորտի կատարելագործմանն
ուղղված առաջարկությունների մշակման աշխատանքներին, հանդես են եկել ելույթներով:
ֆորումի մասնակից թիմերի համատեղ մշակած առաջարկությունները
կներկայացվեն 2024 թվականի սեպտեմբերին կայանալիք Երեխաների օմբուդսմանների եվրոպական
ցանցի (ENOC) համաժողովի շրջանակում։
Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց
իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական,
այնպես էլ միջազգային հարթակներում: