Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում-
բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց
կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։
Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական
ցանցերում և լրատվամիջոցներում։
Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների
վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր և բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։
«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր և
բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված
ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին,
ինչպես նաև ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը
և այլն։
Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
իրականացվել է նաև սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների
կողմից բարձրացված հարցերը։
Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են և ունեն շարունակական
բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։
Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից։
Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ
է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները և աշխատանքներ իրականացնել դրանք
նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետևողական լինել խմելու ջրի մատակարարման
ծառայությունների կանոնների, ինչպես նաև ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ
պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։
Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես,
ստացվել է 30 գրավոր և բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող
ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու և տևական ժամանակով էլեկտրաէներգիայի
ընդհատումներին, դրա հետևանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության
պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։
Այս ամենի հետևանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների,
այնպես էլ տարբեր կազմակերպությունների։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ
մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի
պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող
անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված
են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝
մինչդեռ պարբերական և առանց պատշաճ ծանուցման էլեկտրոէներգիայի անջատումների հետևանքով
հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու և այլ վերաբերելի հարցերի
հետ կապված։
Պարբերական անջատումների հետևանքով խաթարվում է նաև մի շարք
պետական մարմինների բնականոն գործունեությունը: Այսպես, օրինակ՝ Պաշտպանի աշխատակազմի
վարչական շենքի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով խաթարվում է Պաշտպանի
աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես
նաև թեժ գծի կամ այլ ֆիքսված քաղաքային և ներքին հեռախոսահամարների միջոցով անձանց
իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը, ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքման
այցերի կազմակերպումը, միջազգային գործընկերների հետ հանդիպումների իրականացումը և
այլն:
Հարկ է նկատել, որ պարբերական բնույթ կրող էներգամատակարարման
տատանումները կարող են նաև էական վնաս հասցնել համակարգչային սարքերին ու այլ սարքավորումներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները
վկայում են, որ էներգամատակարարման հաճախակի կրկնվող դադարեցումները ոչ միշտ են պայմանավորված
պլանային կամ վթարների վերացման աշխատանքներով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանն ընդգծում է, որ սպառողներին
մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու նպատակով
անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային արտապլանային ընդհատումների պատճառները, աշխատանքներ
իրականացնել (այդ թվում՝ պահուստային (երկրորդային) սնուցում ապահովելու միջոցով) դրանք
նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգետիկական համակարգի
հուսալիության և անվտանգության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու
իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման
մեջ։ Տեղեկացնենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ
գրություններ է հասցեագրել «ՀԷՑ» և «Վեոլիա
Ջուր» ՓԲԸ-ներին։
Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու
իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։