Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին
ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր
հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու
իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային
առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։
Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության
երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության
մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի
շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Անահիտ Մանասյանը ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների
կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։
Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից
իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել
է այդ աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք։ Փաստագրված
տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:
Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել
ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության
առաքելության իրականացման գործում։