Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին
աշխատանքային այցով Գյումրիում էր:
Հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման
անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը
կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:
Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»
ՊՈԱԿ-ներ:
Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել
շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները,
սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման
ծրագրերին։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ,
Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։
Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային
պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի
պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների
հետ կապված հարցեր:
Պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն
իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ: