Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների
պաշտպանի դիմումը, որով վիճարկվում է կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության
օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակումը։
Դիմումով բարձրացվում է «Մարդու վերարտադրողական առողջության
և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի
1-ին և 2-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 30-րդ, 31-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին
համապատասխանության հարցը։
Վիճարկվող դրույթները վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների
(արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով, արհեստական (արտամարմնական/փորձանոթային)
բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և սաղմի ներպատվաստում, ինչպես նաև դոնորական
սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում) կիրառման առնչությամբ սահմանում են բացարձակ
արգելք՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած,
ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող
53 տարին լրացած կանանց համար։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավորումները խնդրահարույց
են խտրականության արգելքի սկզբունքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի
և այդ համատեքստում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի տեսանկյունից՝
նկատի ունենալով այն, որ ոչ իրավաչափ եղանակով միջամտում են անձի վերարտադրողական ինքնավարությանը,
ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը, տարբերակված մոտեցում
է ցուցաբերվում ինչպես սեռի, այնպես էլ տարիքի հիմքով։
Ըստ Պաշտպանի` օրենսդրական նման սահմանափակումները հակասում
են վերարտադրողական իրավունքի իրացման համատեքստում Եվրոպական դատարանի այն տրամաբանությանը,
որ ընդհանուր արգելքը՝ ծառայությունների հասանելիությունից օգտվելու համար, առանց անհատական
հանգամանքները հաշվի առնելու, համաչափ չէ: Ավելին, դրանք չեն բխում Կառավարության՝
իր առջև դրված վերարտադրողականության ու ծնելիության մակարդակի բարելավման նպատակից։
Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ
վիճարկվող իրավանորմերը, նախատեսելով կանանց համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից
օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝
խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և
այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին: