Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Խոշտանգումների
զոհերի
աջակցության միջազգային օրվա առթիվ։
«Հունիսի
26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային
օրը:
Կանխարգելման
ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված
է մեր երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը:
Տարեկան
ու արտահերթ զեկույցներում Պաշտպանը մշտապես է ընդգծել վատ վերաբերմունքի հետևանքով
պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և աջակցման այլ մեխանիզմների բացակայությունը։
Սա առաջնահերթ խնդիր է, որը պետության կողմից պետք է պատշաճ հասցեավորվի։
Խիստ կարևոր
է նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական
ծառայությունների տրամադրումը։
Պաշտպանի
աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական
հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի
վերաբերյալ։
Այդ հանգամանքը
խիստ մտահոգիչ է։ Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու
ուղղությամբ։ Ավելին, այդ դեպքերին պետք է արձագանքել արագ ու համարժեք, հետևողական
լինել արդյունավետ քննության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու
տեսանկյունից։ Այդ առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն
շուտափույթ հաղթահարման անհրաժեշտություն։
Վստահ
եմ պետք է մեկտեղենք ջանքերը մեր ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի
ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված
կլինեն։
Ցանկանում
եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը,
այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների
ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից
քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից, և միջազգային հանրության
կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի»։