ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական
հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։
Միջոցառման
նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել
ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության
խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին
մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։
Բացման
խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության
բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն (առցանց), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության
քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը:
Ողջունելով
հյուրերին Անահիտ Մանասյանը նշել է, որ քննարկումը մի հարթակի գործարկման մեկնարկ է,
որի միջոցով կրթական և ակադեմիական բնագավառում ատելության խոսքին վերաբերող հարցերը
հնարավոր կլինի արագ և արդյունավետորեն հասցեավորել: Այս համատեքստում Պաշտպանը նշել
է, որ ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում։ Խնդիրները
ոչ թե բազմաթիվ են, այլ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի:
«Խնդիրներն
ունեն պատշաճ հասցեավորման անհրաժեշտություն: Վերջին տարիների մեր ուսումնասիրությունները
ցույց են տալիս, որ խտրական խոսքը, ատելության խոսքը տարածվում են շատ լայն ծավալով,
այդ թվում՝ նաև ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը ցավալի է: Այս խումբ
անձինք պետք է օրինակելի վարքագիծ դրսևորեն, քանի որ կրթում և դաստիարակում են մեր
երիտասարդներին»,- ասել է Պաշտպանը:
Եվրոպայի
խորհրդի փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան անդրադարձել է անցանց և առցանց տիրույթում ատելության
խոսքի զարգացումներին, դրսևորումներին և միտումներին։ Քննարկման մասնակիցները հնարավորություն
են ունեցել նաև հարցեր ուղղելու Մարդու իրավունքների պաշտպանին։
Հանդիպման
շրջանակներում ընդգծվել է, որ կրթությունն առանցքային դեր ունի ատելություն պարունակող
խոսքի և խմբակային նպատակաուղղված բռնության ի հայտ գալուն հակազդելու հարցում: Կրթական
տեսանկյունից ատելության խոսքի խնդրի լուծումը ներառում է հատուկ միջոցներով կրթական
քաղաքականության և ծրագրերի ուժեղացում՝ ատելության խոսքին հակազդելու համար:
Քննարկումը
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ
ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի
կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության
բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: