Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների
հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության
և խնամքի կարիք։
Հանձնակատարը տեղեկացրել է, որ վերջինս բնակվում է միայնակ,
չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը: Հանձնակատարն իր պատրաստակամությունն
է հայտնել նաև քաղաքացուն Հայաստան տեղափոխմանն աջակցելու հարցում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի
ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու
մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ, Հանձնակատարի ջանքերով քաղաքացին՝ բժշկի
ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության
նախարարության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության
արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Շտապ բժշկական օգնության ծառայության
միջոցով քաղաքացին տեղափոխվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, անցել անհրաժեշտ
բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
միասնական սոցիալական ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր անձի ֆունկցիոնալության
գնահատման ուղղությամբ՝ հետագայում վերջինիս համապատասխան խնամքի հաստատություն տեղափոխելու
նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է պետական մարմինների
հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ
լուծումներ տալու տեսանկյունից: