«Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների
համաշխարհային օրը։
Ապաստան
հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի
գործունեության կարևորագույն ուղղություններից է, որն իրականացվում է ինչպես ամենօրյա
աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների,
միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման
միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։ Այս համատեքստում
խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։
Մարդու
իրավունքների պաշտպանն անձամբ է ներգրավված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության
աշխատանքներում և վերաբերելի խնդիրները անընդհատ է բարձրաձայնում ինչպես միջազգային
գործընկերների, այնպես էլ պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում։
Խորը ցավով
պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի
է հասնում։ Ավելին, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների արդյունքում վատ
վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի
ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։
Վերը շարադրվածը
նկատի ունենալով` օրախնդիր է նշված բնագավառում իրավունքների պաշտպանության կառուցակարգերի
վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն
ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան
հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման,
իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների
անխոչընդոտ իրականացման հարցերում:
Պետական
մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող
ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի բռնի
տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն
իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»: