Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին
ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի
և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն
Քոն:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու
իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային
առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած հավաքներին, այդ
ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին։ Այս համատեքստում Պաշտպանը
նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ այցեր է իրականացրել Ոստիկանության բաժիններ
և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին
և Ոստիկանության ծառայողների, արձանագրել խնդիրները։ Դրանք, այդ թվում` Ոստիկանության
կողմից հատուկ միջոցների կիրառման հարցը, քննարկման ընթացակարգի շրջանակներում այս
պահին ուսումնասիրվում են Պաշտպանի աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով
Պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հատուկ միջոցների կիրառման իրավաչափության վերաբերյալ։
Պաշտպանն ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը
մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։ Քննարկվել
են նաև հավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության իրավունքին առնչվող հարցեր։
Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության
երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության
մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի
շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի
կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների
պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով
Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և դերակատարներին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության
և արդյունավետ քննարկման համար։