Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի
արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին:
Ողջունելով
հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության
ուղղությունները։
Անդրադարձ
է կատարվել Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հավաքներին։ Այս համատեքստում
Պաշտպանը նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ այցեր է իրականացրել Ոստիկանության
բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին
և Ոստիկանության ծառայողների, արձանագրել խնդիրները։
Հանդիպման
շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում իրավահավասարության
երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում
Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի
անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում
իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը
նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է:
Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն
ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է
բացառվի հանրային խոսույթից:
Դեսպանը
շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։