Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին
ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության
և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության
խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին և ծրագրերի ավագ
պատասխանատու Մայա Ստոյանովիչին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի
Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու
Մարիամ Ալեքսանյանը։
Ողջունելով հյուրերին՝
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայումս մեր երկրում իրավահավասարության
երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում
Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի
անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում
իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում
են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի
և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների
կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության
խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել խտրականության
դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝
պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում,
ի թիվս այլնի, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, Եվրոպայի
խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման
հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը
վերաբերելի հարցերին։
Իր հերթին Անգելա Լոնգոն
շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման
համար։