Մարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների
իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի
Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։
Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել
է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան
պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային
օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Պաշտպանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն
իր առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախ բնակության վայրից,
չափազանց կարևոր է, որպեսզի երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ: Այս համատեքստում
Պաշտպանը հատուկ շեշտել է, որ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ
և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ միջոցառումը կարող է լինել հենց այդ հնարավորություններից
մեկը:
«Կարևորում եմ երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը,
որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել: Սիրելի ծնողներ,
ուսուցիչներ, գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել երեխաների համար մեր օրինակելի վարքագծի
դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց
հիանալիորեն ընդօրինակում են», - ասել է Անահիտ Մանասյանը:
Իր հերթին, Քրիսթինե Վայգանդը նշել է, որ երեխաների հետ երկխոսությունը
դպրոցում օգտակար էր մի շարք առումներով։
«Այս տարի նշում ենք Երեխայի իրավունքների կոնվենցիայի 35-ամյակը,
որի շրջանակներում անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր
լինել նրանց դիտարկումներին, որը կուղենշի մեր հետագա անելիքները», - նշել է Քրիսթինե
Վայգանդը:
Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված
լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն
հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն
ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։
Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի
քննարկումներ՝ Պաշտպանի աշխատակազմի, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների
հարցերով հասարակական խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Միջոցառման շրջանակներում երեխաները հանդես են եկել երաժշտական
կատարումներով:
Անահիտ Մանասյանը Պրիվոլնոյե բնակավայրում մասնակցել է նաև Պրիվոլնոյե
բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը:
Պաշտպանը նշել է, որ մարզային բնակավայրերում որակյալ նախակրթական
հաստատությունների, դպրոցների առկայությունը համայնքի զարգացման տեսանկյունից չափազանց
կարևոր դերակատարություն ունի:
Քրիսթինե Վայգանդն էլ ընդգծել է, որ վաղ մանկական ուսումնառությունն
ամուր հիմք է դնում երեխաների ապագա կյանքի համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց
զարգացնելու տարբեր ձիրքեր և պատրաստվել դպրոցին:
Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքի
և մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների
աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։