Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին
աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում:
Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ
ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել
են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները:
Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել
են խնդիրներ` կապված սեփականության իրավունքի, փաստաթղթերի կորուստի, պատճառված վնասի
փոխհատուցման, կրթության իրավունքի հետ: Բնակիչները` որպես հրատապ լուծում պահանջող
հարց, առանձնացրել են փոխհատուցման հետ կապված հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, ունի
առաջնահերթ հասցեավորման անհրաժեշտություն` անձանց բազմաթիվ հիմնարար իրավունքների
պատշաճ իրացումը երաշխավորելու դիտանկյունից։
Անձինք բարձրացրել են նաև սոցիալ֊հոգեբանական վիճակին առնչվող
հարցեր։ Այդ առումով Պաշտպանը կարևորում է բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության
տրամադրման նշանակությունը։
Պաշտպանն ընդգծում է, որ առաջնահերթ նշանակություն ունեն նաև
երեխաների կրթության իրավունքին առնչվող խնդիրները, այդ թվում` քննությունների կազմակերպման
հարցերը դիտարկելիս երեխաների հոգեբանական և ստեղծված իրավիճակի այլ հետևանքները հաշվի
առնելը։
Անահիտ Մանասյանը բնակիչներին հայտնել է, որ բարձրաձայնված մի
շարք խնդիրներ արդեն իսկ հասցեավորվել են պետական իրավասու մարմիններին` դրանց լուծումներ
տալու նպատակով:
Փաստահավաք աշխատանքի արդյունքում վերհանված մյուս խնդիրները կամփոփվեն և կուղարկվեն համապատասխան
մարմիններին:
Պաշտպանը վստահեցրել է` իր իրավասության շրջանակում աջակցելու
է բոլոր խնդիրների լուծմանը և մարդկանց իրավունքների պատշաճ իրացմանը:
Նույն օրն Անահիտ Մանասյանը հեղեղումների հետևանքով վնասված
թաղամասեր է այցելել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել
Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
Անահիտ Մանասյանն այցելել է նաև Սանահին կայարան թաղամաս և զրուցել բնակիչների հետ:
Այցի ընթացքում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրել է այն վնասները, որոնք կրել
է բնակավայրը հեղեղումների հետևանքով:
Լոռի այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն Ալավերդի
քաղաքի Միասնական տեղեկատվական կենտրոնում հանդես է եկել ասուլիսով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Լոռու
և Տավուշի մարզային ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: