ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստում ներկայացրել է աշխատակազմի 2023 թվականի ծախսերի և եկամուտների հաշվետվությունը։
Պաշտպանը
նախ նշել է, որ 2023 թվականին իրականացվել է 5 միջոցառում և 1 ծրագիր, որոնց շրջանակում
հիմնականում պլանային ցուցանիշները գերակատարվել են։ Օրինակ, եթե Մարդու իրավունքների
և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցման ծրագրի շրջանակում
է նախատեսված է եղել 900 հանրային իրազեկման գործողության իրականացում և դրանց հանրայնացում,
ապա այդ ցուցանիշը փաստացի հասել է 3966-ի, իրականացվել է 513 այց, այդ թվում՝ մարզային։
Ավելացել է ինչպես դիմումների քանակը՝ 2022 թվականի 15473֊ի փոխարեն 2023-ին՝
15889, այնպես էլ դրական գործերի թիվը՝ 1282-ից դառնալով 1922։
Անահիտ
Մանասյանն արձանագրել է, որ բավական ակտիվ աշխատել է նաև միջազգային համագործակցության
տեսանկյունից։ Այս տարի ՄԻՊ հաստատությունը պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվել
է մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի
կազմում։ Այս համատեքստում Պաշտպանը շեշտեց, որ միջազգային գործուղումներ հիմնականում
կազմակերպվում են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, միայն դրա անհնարինության
դեպքում` պետբյուջեի միջոցներով։ Օրինակ՝ անձամբ Պաշտպանը 1 տարվա ընթացքում ընդամենը
2 գործուղում է ունեցել, որոնք իրականացվել են պետբյուջեի միջոցների հաշվին։
Պաշտպանն
անդրադարձել է նաև իրականացվող մյուս ծրագրերին, մասնավորապես՝ գենդերային հավասարության
խթանում Հայաստանի իրավապահ համակարգում, աշխատակազմի կարողությունների զարգացման,
երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավման և մասնակցության
խթանման շրջանակում իրականացվող միջոցառումներին։
Անահիտ
Մանասյանը հատուկ շեշտել է, որ իրականացվող բոլոր ծրագրերի շրջանակում արված տնտեսումները
հետ են փոխանցվել պետբյուջե։
Մարդու
իրավունքների պաշտպանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է նաև հավաքների
ազատությանը, ատելության խոսքի և խտրականության տարբեր դրսևորումներին, երեխաների իրավունքների
պաշտպանությանը, երեխաների խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության
հետ կապված խնդիրներին, որդեգրման ինստիտուտին, բուլինգի դեմ պայքարին, Լոռու և Տավուշի
մարզերում աղետի հետևանքով ստեղծված վիճակին և օրակարգային մի շարք այլ հարցերի։