Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների
հետ մայիսի 25-ին այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով,
ուսումնասիրել խնամքի կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ
թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ խնամք ստացող
երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել
երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։
Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային
պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի
պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների
հետ կապված հարցեր:
Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման
տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր
կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի
այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և
երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:
Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ
գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։