Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում
ստացվել է տեղեկություն առ այն, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող
քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության
ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն՝ սահմանափակումները կապված են Կիրանց
գյուղի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն
ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հետ:
Մայիսի
20-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության կողմից ԱԺ պատգամավորների
և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը Կիրանց ևս արգելվել է:
Միևնույն
ժամանակ, ըստ հրապարակված տեղեկությունների՝ Ոստիկանության ծառայողները փորձել են Հանրային
հեռուստաընկերության նկարահանող խմբին տանել բնակավայր, բայց այլ լրատվականների լրագրողները
տեսել են և թույլ չեն տվել։
Վերոգրյալ
հանգամանքները նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ
է պահանջել Ներքին գործերի նախարարությունից:
Պաշտպանը
կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների
բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության
պահպանումը:
Այսօր
արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում
Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը
մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և
նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Պաշտպանը
հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների
կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված
հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։
Մարդու
իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի
կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա
իրավական չափանիշները։
Պաշտպանի
թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: