ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և
ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝
որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023թ տարեկան զեկույցը։
Նախքան զեկույցը ներկայացնելը Անահիտ Մանասյանն անդրադարձել
է Տավուշում և հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝
կոչ անելով հասկանալ քաղաքացիների հոգեբանական վիճակը, լինել հանդուրժող միմյանց հանդեպ՝
երաշխավորելով հավաքների ազատության իրավունքը` օրենսդրական և միջազգային չափանիշներին
համապատասխան։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ հավաքների ազատության հիմնարար
իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի
երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի
հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն
և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:
2023 թվականի տարեկան հաղորդումը մշակվել է և խնդիրները ներկայացվել
են նոր մեթոդաբանությամբ։ Զեկույցում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության
տարբեր ոլորտներում արձանագրված բազմաթիվ խնդիրներին՝ սոցիալական ապահովության, սեփականության,
աշխատանքային, կրթության, առողջության պահպանման ու կյանքի, շրջակա միջավայրի, անձնական
տվյալների պաշտպանության, կարծիքի արտահայտման ազատության ու տեղեկատվություն ստանալու,
իրավապահ մարմինների գործունեության և քրեական վարույթի, ընտրական, հավաքների ազատության,
գործարարության, զինված ուժերում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց,
իրավահավասարության ապահովման, սահմանամերձ բնակավայրերում բնակիչների, Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված անձանց, փախստականների ու ապաստան հայցող անձանց, խոշտանգումների և
վատ վերաբերմունքի կանխարգելման և այլ բնագավառներում։
Պաշտպանը նշել է, որ 2022 թվականի համեմատ 2023-ին աճել է դիմումների
և դրական լուծում ստացած գործերի քանակը։ Մասնավորապես, եթե 2022-ին եղել է 1282 դրական
լուծում ստացած գործ, ապա 2023-ին՝ 1922 դրական գործ։ Պաշտպանն ընդգծել է, որ կարևորում
է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Այդ է պատճառը, որ տարվա
ընթացքում անձամբ է մասնակցել իրականացված բազմաթիվ այցերին, տեղում ծանոթացել խնդիրներին։
Ամբողջ տարվա ընթացքում իրականացվել է 512 այց տարբեր հաստատություններ, բնակավայրեր
(այդ թվում` սահմանամերձ), ազատությունից զրկման վայրեր, փակ հաստատություններ և այլն։
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել մարդու իրավունքների
կրթության բնագավառին՝ փաստելով, որ այս ոլորտում բազմաթիվ են խնդիրները և դրանք պետք
է ստանան պատշաճ հասցեավորում։
«Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ ատելության խոսքին և հասարակության
բևեռացամանը, որին բավական մանրամասն անդրադարձել ենք նաև տարեկան հաղորդման շրջանակներում։
Այս երևույթները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը։ Եվս
մեկ անգամ արձանագրում եմ հանրային, քաղաքաղական գործիչների և լրատվամիջոցների պարտավորությունը
ոչ միայն չտարածելու ատելության խոսք, այլ նաև հակազդելու նման խոսքին ու վարքագծին»,-
ասել է Անահիտ Մանասյանը։
Ելույթի ընթացքում Պաշտպանն անդրադարձել է կալանքի ինստիտուտի
կիրառմանը և անմեղության կանխավարկածի սկզբունքին։
Այս համատեքստում Պաշտպանը խնդիրը դիտարկել է համակարգային տեսանկյունից։
Մասնավորապես,
նախորդ տարի կալանքի 2802 ներկայացված միջնորդությունից բավարարվել է ավելի քան 82
տոկոսը։ Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ այս պահին մեր երկրում
ազատությունից զրկված անձանց 50 տոկոսից ավելին կալանավորված և ոչ դատապարտված անձինք
են: Նշվել է, որ այդ վիճակագրությունը խնդրահարույց է միջազգային չափանիշների տեսանկյունից
և պետությունը պետք է բավարար քայլեր ձեռնարկի` խնդիրը հասցեավորելու և հաղթահարելու
ուղղությամբ:
Պաշտպանը
հատուկ անդրադարձել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերին, կարևորել նշված
գործերի պատշաճ քննությունն ու քննության առանձնահատկությունների հաշվառումը։
Հատուկ
անդրադարձ է կատարվել փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների բնականոն գործունեության
երաշխավորմանն ու այդ առնչությամբ Պաշտպանի իրականացրած գործունեությանը։
Ավարտելով
ելույթը` Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես
կարևորել է, միջազգային գործընկերների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության,
փաստաբանների և լրատվամիջոցների հետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանը
շեշտել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
որոնք ուղղված են նաև գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը։