Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների,
սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ
ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող
մի խումբ անձինք:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել
Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների
ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև Ազգային
ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Իրականացված
այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի
ակցիայի իրականացման վայրից Ոստիկանության ծառայողներն իրեն Ոստիկանական մեքենայով
տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ
իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ
ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել
է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս հարցին Պաշտպանն անդրադարձել
է նաև նախկինում և կարևորում է նշված սահմանադրական պահանջի պահպանումը։
Դեպքի հանգամանքները ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում
է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված
կարգով, դեպքերում և համաչափ:
Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն
և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված
լինի։