Կարծում եմ` կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության
արմատավորումը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին հանդիպել
է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցում սովորող ապագա իրավաբանների հետ։
«Մարդու իրավունքների
պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության
մեջ կարող ենք արմատավորել միայն կրթության միջոցով։ Այն բոլոր կարծրատիպերը, որոնք
այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են։ Կրթության ամենակարևոր
արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը, առանց որի չի կարող գոյություն
ունենալ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ»,- ասել է Պաշտպանը։
Զրույցի ընթացքում Անահիտ Մանասյանն ուսանողներին է ներկայացրել
նաև Պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության հիմնական
ուղղությունները, Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական
խորհրդի գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը պետական մարմինների, հասարակական
կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։
Ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի
միջոցով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, ռազմագերիների իրավունքների պաշտպանության,
Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների,
ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել
հետաքրքիր զրույցի համար՝ կարևորելով երիտասարդների հետ այս ձևաչափով քննարկումների
անցկացումը, որոնք միտված են մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,
ինչպես նաև կրթության մակարդակի բարելավմանը։