«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը և քաղաքակիրթ
աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների
հիշատակը:
Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին
կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության
ու անմարդկային տանջանքների։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության
շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել
իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։
Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։
Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը
կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի
տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ
հանցագործությունների վտանգը։ 2023 թվականին վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների
զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ
նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման,
ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։
Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից
քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ
քաղաքականություն իրականացնելու հարցում։
Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի
գործադրումն օրակարգային պետք է լինի բոլոր քաղաքակիրթ հասարակությունների համար»։