Լրատվամիջոցներում,
սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Տավուշի մարզում հավաքի ժամանակ
ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք
է ստացել։
Վերոնշյալի
կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ
սկսվել է քննարկման ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ
մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում:
Համապատասխան
գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները
մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հարկ ենք
համարում ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի
մարզ՝ մարզային ստորաբաժանման հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար:
Միևնույն
ժամանակ, տեղեկություն է ստացվել առ այն, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով
ձերբակալվել ու Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել մի
խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ
բաժիններ՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման
վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Մարդու
իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ
անընդունելի և դատապարտելի է։
Յուրաքանչյուր
դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության:
Միևնույն
ժամանակ, Պաշտպանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ոստիկանությանը և հավաքի
անցկացման վայրում գտնվող բոլոր անձանց ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի
խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Կարևոր
է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության
միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող
ցանկացած խոսք ու վարքագիծ, այլ նաև հակազդեն դրանց:
Հանրային
համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ
և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Իսկ այս պահին առավել,
քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք: