Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել
է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` ՍՕՍ Մանկական Գյուղեր
Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։
Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների
իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի
ուղղություններին և լիազորությունների շրջանակին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների
պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից շատ կարևոր
է ոլորտի շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝
խնդիրները վեր հանելու, արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։ Այդ առումով
Անահիտ Մանասյանն ընդգծել է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով
հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները,
անդրադարձել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության
ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը,
պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։