Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների
համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։
Գենդերային
հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում
Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը
մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի
ներդրման համար գնահատումը։
Մեկնարկի
պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Բացման
խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան
Ջոն Գալագերը։
Գենդերային
հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել
պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային
հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրելու՝ որդեգրելով
գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն
է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման
միջոցով։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ առանց այս մոտեցումների
անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր։
«Իրավահավասարության
երաշխավորումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Գենդերային հավասարության
ապահովմանն ու խթանմանն ուղղված մեր միջոցառումները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց
իրավահավասարության վերաբերյալ հանրային իրազեկման ու ոլորտի օրենսդրության կատարելագործման
աշխատանքները, կրում են շարունակական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան
հաղորդման շրջանակներում մեծ տեղ է հատկացվել իրավահավասարության ապահովման և խտրականության
արգելքին առնչվող հարցերին»,- բացման խոսքում նշել է Անահիտ Մանասյանը:
Կանանց
իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս ոլորտում
Պաշտպանի գործունեությունն իրականացվում է ինչպես անհատական դեպքերով կանանց խախտված
իրավունքները վերականգնելով կամ հնարավոր խախտումները կանխարգելելով, այնպես էլ համակարգային
մակարդակում կանանց իրավունքները խախտող պատճառները վերացնելու միջոցով: Այս տեսանկյունից
շատ կարևոր դեր ունի Պաշտպանին առընթեր Կանանց
իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը։
Անահիտ
Մանասյանը հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դրական
օրինակ կծառայի այլ պետական հաստատություններում գենդերային հավասարության և կանանց
կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամրապնդման, հատկապես՝
ԳՀՊ գործընթացի ներդրման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում։
Միջոցառմանը
մասնակցել են գործադիր իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար
անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված
դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ։
Գենդերային
հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ
«Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի
շրջանակում: