Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 8-ին
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման
ծրագրի շրջանակներում ընդունել է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի
աշակերտներին:
Անահիտ Մանասյանը դպրոցի սաներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը,
իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները,
խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, ատելության խոսքին, անհանդուրժողականության
և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ:
«Չափազանց կարևորում եմ նման հանդիպումները, քանի որ հնարավորություն
է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների
իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները»,- ողջունելով երեխաներին՝ ասել է
Պաշտպանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն
են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների
պաշտպանությանն առնչվող տարբեր հարցեր․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները,
կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։
Երեխաներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների
իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների
հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը
խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն կատարած այցի մասին, որին մասնակցել
են նաև խորհրդի անդամ երեխաները: Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին
առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի
մասին:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են աշակերտական խորհուրդների
առաքելությանն ու նպատակներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր երկրների
առաջատար փորձին:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր
զրույցի համար և նշել, որ ՄԻՊ աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են: