Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր
են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի
ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։
Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է
իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի
կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ,
գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա:
ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի
կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային
վիճակում պահելու նպատակ։
Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում
են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական
բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների
ապահովման տեսանկյունից: