Պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա
Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր
Նիկադիմ Յուխանաևը:
Վերջիններս Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների
խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի
առանձին հարցեր։
Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝
կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման,
իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների
երաշխավորումը։
«Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում
ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության
հարցում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները և դրանց հաղթահարման առնչությամբ
Պաշտպանի առաջարկներն ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության,
մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման
շրջանակում։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել
քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վերջիններիս հուշակոթողին։
Պաշտպանն այցելել է նաև Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության
սուրբ Առաքելական եկեղեցի: Տեր Նիկադիմ Յուխանաևը Պաշտպանին ներկայացրել է եկեղեցու
պատմությունը, կրոնական առանձնահատկությունները:
Վերին Դվին կատարած այցի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանը հանդիպել է համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի
հետ: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի
ուղղությունները, անդրադարձել երեխաների, վերջիններիս կրթության իրավունքին, խտրականության,
անհանդուրժողականության, բուլինգի դեմ պայքարին:
«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ
համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Իսկ հանդուրժող և համերաշխ միջավայրը
պարզապես հռչակագրային գաղափար չէ, վերջինիս ձևավորմանը յուրաքանչյուրս պետք է նպաստի
իր ամենօրյա վարքագծով։ Մենք պետք է լինենք արժեքների տարածման առաջամարտիկ, այլ ոչ
հակաարժեքների հետևորդ»,-նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների
իրավունքների հետ կապված՝ պետությունն, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝
երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը,
և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ
ներգրավվածությունը:
Այցի վերջում Պաշտպանն ու հանդիպման մասնակիցները երկուստեք
շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար: